Ա. ՄԿՐՏՉՅԱՆ. ՎԻԼՆՅՈՒՍԻ ՓԱՍՏԱԹՂԹՈՒՄ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՓԱԹԵԹԸ ԿԱՌԱՆՁՆԱՑՎԻ ՏՆՏԵՍԱԿԱՆԻՑ

«Եթե Վիլնյուսում ինչ-որ փաստաթուղթ ստորագրվի, Հայաստանի պարագայում դա չի լինելու ասոցացման համաձայնագիրը: Կողմերի միջև ձեռք կբերվի համաձայնություն` վերանայելու Ասոցացման համաձայնագրի բանակցված փաթեթը՝ այն հարմարեցնելով Հայաստանի՝ Մաքսային միությանը անդամակցելու հետ կապված նոր իրողությանը»,-Aysor.am-ի հետ զրույցում անդրադառնալով Վիլնյուսում մեկնարկած Արևելյան գործընկերության գագաթաժողովին և հնարավոր ստորագրվելիք փաստաթղթին՝ ասաց «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ նախագահի խորհրդական Աննա Մկրտչյանը:

Նա նշեց, որ Վիլնյուսում, ամենայն հավանականությամբ, ձեռք կբերվի համաձայնություն՝ առանձնացնել քաղաքական փաթեթը տնտեսականից, քանի որ հակասությունը ավելի շատ տնտեսականին է վերաբերում:

«Իմ կարծիքով Վիլնյուսում կստորագրվի հուշագրային ինչ-որ համաձայնություն, փաստաթուղթ: Ասոցացման համաձայնագրի վերանայման հետ կապված՝ անհրաժեշտ կլինի բանակցողների նոր մանդատ իջեցնել, սահմանել բանակցությունների շրջանակը, ինչը ժամանակ է պահանջում. Դա հնարավոր չէր իրականացնել մինչև վիլնյուսյան գագաթաժողովը»,- նշեց Ա. Մկրտչյանը:

Նրա խոսքով՝ Վիլնյուսից հետո նոր հնավորություն կստեղծվի բոլոր կողմերի համար՝ ավելի հանգիստ պայմաններում քննարկել հետագա անելիքները:

«Նախագահի մակարդակով Վիլնյուսի գագաթաժողովին մասնակցելու հանգամանքը վկայում է այն մասին, որ ԵՄ-ի հետ հարաբերությունների խորացումը կարևոր է Հայաստանի համար և բոլոր պայմանավորվածությունները մնում են ուժի մեջ»,- նշեց Ա. Մկրտչյանը:

Անդրադառնալով Արևելյան գործընկերության ծրագրի հեռանկարներին և հնարավոր փոփոխություններին այդ ծրագրի շրջանակներում՝ Մկրտչյանը նշեց, որ այն, ինչ տեղի ունեցավ Հայաստանի և Ուկրաինայի պարագայում, ցույց տվեց այն խնդիրները, որոնք առկա են ԵՄ-ի՝ Արևելյան գործընկերության երկրների նկատմամբ որդեգրած քաղաքականության մեջ:

«Եվրոպացի գործընկերները, հավանաբար, ավելի անհատականացված մոտեցում կցուցաբերեն «Արևելյան գործընկերության» երկրներից յուրաքանչյուրի նկատմամբ՝ ինտեգրման ինտենսիվությունը և ձևափաչերը խորացնելու համար»,- նշեց Ա. Մկրտչյանը:

Ա. Մկրտչյանը հավելեց, որ Արևելյան գործընկերության երկրները ունեն շահերի ընդհանրություններ՝ այդ երկրները բուֆերային գոտի են ԵՄ-ի և Ռուսաստանի միջև ու նրանց միջև պայքարի սրումը բացասական է անդրադառնում այդ երկրների վրա:

28.11.2013

Աղբյուրը՝ Aysor.am