ԵՎՐԱՄԻՈՒԹՅԱՆ ԵՎ “ԱլԳ” ԱՆԴԱՄ ԵՐԿՐՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԸ ԸՆԴՈՒՆԵԼ ԵՆ ՀԱՄԱՏԵՂ ՀՌՉԱԿԱԳԻՐ

Լիտվայի նախագահ Դալիա Գրիբաուսկայտեի գլխավորությամբ Եվրամիության և «Արևելյան գործընկերության» անդամ երկրների ղեկավարները ընդունել են համատեղ հռչակագիր, որն արձանագրում է վերջին երկու տարիների ընթացքում գրանցած առաջընթացը և սահմանում «Արևելյան գործընկերություն» ծրագրի հետագա ուղենիշները: Այս մասին հայտնում է Լիտվայի նախագահության պաշտոնական կայքից:

«Այսօր ոչ ոք չի կասկածում, որ Արևելյան գործընկերները և նրանց հետ սերտ համագործակցությունն ունի ռազմավարական կարևորություն Եվրոպական միության համար: Չորս տարի առաջ, երբ նրանք որոշեցին շարժվել եվրոպական ուղով, նրանք ընտրեցին տնտեսական ու ժողովրդավարական զարգացում, հարգանք մարդու իրավունքների հանդեպ, կայացած ինստիտուտներ: Ապագայում նույնպես Եվրոպական միությունը պատրաստ է աջակցել այդ երկրներին, ովքեր ցանկանում են նման աջակցություն»,- հայտարարել է Լիտվայի նախագահ Դալիա Գրիբաուսկայտեն:

Աղբյուրը գրում է, որ վերջին երկու տարիների ընթացքում նշանակալի առաջընթաց է արձանագրվել «Արևելյան գործընկերության» ծրագրի տարբեր ոլորտներում՝ վիզային ռեժիմի ազատականացում, տրանսպորտ, էներգետիկա, կրթություն ու երիտասարդություն, շրջակա միջավայր և գիտահետազոտություն, քաղաքացիական հասարակության զարգացում: Պետությունների քաղաքացիների համար այդքան կարևոր համագործակցային կապերը կշարունակվեն:

Համատեղ հռչակագրում Եվրամիությունն ու Արևելյան գործընկերության երկրները վերահաստատել են իրենց որոշումը՝ շարունակել զարգացնել սերտ հարաբերություններն ու համագործակցությունը ռազմավարական կարևորության ոլորտներում: Առաջիկա տարիների համար սահմանված նպատակներն են ժողովրդավարության հետագա ամրապնդումը, մարդու իրավունքների պաշտպանությունը երաշխավորելը և դատաիրավական բարեփոխումների շարունակությունը:

Հռչակագրում ասված է, որ առաջնային ուշադրության կենտրոնում կլինի համապատասխան երկրների հետ ասոցացման համաձայնագրի իրականացումը: Վիզային ռեժիմի ազատականացման հարցում էական առաջընթաց գրանցելը նույնպես կլինի «Արևելյան գործընկերության» ծրագրի օրակարգի առաջնային հարցերից մեկը: Եվրամիությունը կաջակցի իր Արևելյան գործընկերներին՝ զարգացնելու իրենց ունակությունը միջազգային շուկաներում մրցակցելու համար, ինչից կշահեն թե՛ սպառողները, թե՛ տեղական և արտասահմանյան ներդրողները: Հանրային ծառայությունները նույնպես կբարելավվեն և սպառողների պաշտպանությունը կլինի ավելի արդյունավետ՝ իրականացնելով նախատեսված բարեփոխումները:

Էներգետիկ փոխգործակցությունը կվերամոդելավորվի, իսկ էներգետիկ անվտանգությունը փոխադարձաբար կբարձրացվի՝ աստիճանաբար ինտեգրելով Արևելյան գործընկերներին ԵՄ ներքին էներգետիկ շուկայում:

Հիշեցնենք, որ Վիլնյուսում ընթացող «Արևելյան գործընկերության» գագաթաժողովին մասնակցում են «Արևելյան գործընկերության» երկրների՝ Հայաստանի, Ուկրաինայի, Վրաստանի, Մոլդովայի և Ադրբեջանի բարձրաստիճան պատվիրակությունները: «Արևելյան գործընկերության» երկրների ղեկավարների գագաթաժողովը հրավիրվում է յուրաքանչյուր երկու տարին մեկ:

29.11.2013

Աղբյուր` Panorama.am