Ա.ԿԱՐԱՊԵՏՅԱՆ. ՀՀ-ԵՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՎԵԼՈՒ Է ՄԵԾ ՏԵՄՊԵՐՈՎ

«Ընդհանուր առմամբ գագաթաժողովն ու դրա արդյունքները բավական կանխատեսելի էին՝ հաշվի առնելով մինչ այդ տեղի ունեցած զարգացումներն ու նոր ստեղծված իրավիճակում կողմերի միջև տարված բավական երկար աշխատանքը: Գագաթաժողովով ամրագրվեց, որ իրավիճակն ընկալելի է թե՜ ԵՄ-ի, թե՜ Հայաստանի համար, և համագործակցությունը շարունակվելու է բավական մեծ տեմպով»,-Panorama.am-ի հետ զրույցում անդրադառնալով վիլնյուսյան գագաթաժողովի արդյունքներին և այդ գագաթաժողովից Հայաստանի ակնկալիքներին ասաց «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ անդամ, քաղաքագետ Աննա Կարապետյանը:

Նա նշեց, որ երեք տարուց ավելի տևած և ավարտված բանակցությունների և բարեփոխումների ակտիվ գործընթացի արդյունքում Հայաստանում բավական մեծ փոփոխություններ են տեղի ունեցել, համատեղ հսկա աշխատանք է կատարվել:

«Բնական է, որ ընտրված ուղուց շեղում չի լինելու և Հայաստանը շարունակելու է հավատարիմ մնալ իր որդեգրած ժողովրդավարական սկզբունքներին»,-նշեց Ա.Կարապետյանը:

Անդրադառնալով Վիլնյուսում ԵՄ-ի և ՀՀ-ի միջև ընդունված հայտարարությանը և դրանում առկա շեշտադրումներին Ա. Կարապետյանը նշեց, որ հայտարարությամբ կողմերն ամրագրեցին, որ շարունակելու են բազմակողմ համագործակցությունն ու ամրապնդելով տարբեր ոլորտներում ձեռքբերումներն՝ աշխատելու են դրանց զարգացման ուղղությամբ:

«Ելնելով թե՜ գագաթաժողովի արձանագրությունից, թե՜ ՀՀ-ԵՄ երկկողմ հայտարարությունից՝ կարելի է ակնկալել, որ Արևելյան գործընկերությունը մոտակա երկու տարիների ընթացքում ավելի է ուշադրություն դարձնելու իր գործընկերների հետ դիվերսիֆիկացված հարաբերությունների կառուցմանն ու երկկողմ կապերի խորացմանը»,-նշեց քաղաքագետը:

Նրա խոսքերով, Հայաստանի հետ, մոտ ապագայում ակնկալվում է գործողությունների նոր ծրագրի մշակում:

«Տրամաբանական կլինի, որ այն իր մեջ պարունակի Ասոցացման համաձայնագրից այն կետերն ու մոտեցումները, որոնք համադրելի են առկա իրավիճակի հետ և համապատասխանում են երկու կողմերի մտադրություններին»,-նշեց Ա. Կարապետյանը:

Քաղաքագետը հավելեց, որ գագաթաժողովի արձանագրության մեջ, որն ամփոփեց անցած ուղին ու նախանշեց զարգացման վեկտորները, բավական բարձր է գնահատվում Հայաստանի հետ հարաբերությունների առկա վիճակն ու ակնհայտ են դառնում Հայաստանի բավական տարբերվող դիրքերն ԱլԳ որոշ այլ գործընկերներից և այս փուլի համար Հայաստանի սկբնական շեմը բավական բարձր է սահմանած, ինչը լավատեսության տեղ է տալիս:

29.11.2013

Աղբյուր` Panorama.am