Թեև ֆորմալ առումով Վիլնյուսի արդյունքները մասամբ են շեղվում նախանշվածից, որակական առումով տարբերությունն էական է. Աննա Մկրտչյան

Tert.am –ը «Եվրոպական ինտեգրացիա» hասարակական կազմակերպության նախագահի խորհրդական Աննա Մկրտչյանի հետ զրուցել է Արևելյան գործընկերության 3-րդ գագաթնաժողովի արդյունքի մասին , և ըստ նրա՝ թեև ֆորմալ առումով գագաթնաժողովի արդյունքները մասամբ են միայն շեղվում նախանշվածից, այնուամենայնիվ, որակական առումով այդ շեղումն էական է: Նա ընդգծեց, որ ԱլԳ-ի եթե ոչ՝ նախագծման, ապա գոնե՝ իրականացման ընթացքում հաշվի չեն առնվել գործընկեր երկրներից յուրաքանչյուրի ունեցած առանձնահատուկ իրավիճակը և առկա խնդիրները:

-Եթե փորձենք ամփոփել Արևելյան գործընկերության 3-րդ գագաթնաժողովը, ապա ի՞նչ արդյունքի մասին կարելի է խոսել: Կարե՞լի է, արդյոք, այն հաջողված համարել, եթե ոչ` ինչու՞: Ի՞նչ խնդիրներ վերհանեց Վիլնյուսի գագաթնաժողովը:

-Եթե վերլուծենք Արևելյան գործընկերության երրորդ գագաթնաժողովը, ապա կարելի է խոսել ԵՄ ունեցած հարաբերական հաջողության մասին: Այն, ինչ տեղի ունեցավ Վիլնյուսում, ակնհայտ դարձրեց այն տարամիտումը, որ կա ԵՄ հավակնությունների և դրանք ողջ ծավալով իրականացնելու հնարավորությունների միջև: Թեև ֆորմալ իմաստով գագաթնաժողովի արդյունքները մասամբ են միայն շեղվում նախանշվածից, այնուամեյնիվ՝ որակական առումով այդ շեղումն էական է:

Այո´, ԵՄ-ին հաջողվեց նախաստորագրել Ասոցացման համաձայնագրերը Մոլդովայի և Վրաստանի հետ, ինչպես նախանշված էր: Սակայն չմոռանանք, որ խոսքը միայն նախաստորագրման մասին է, ինչը կարևոր փուլ է, իհա´րկե, սակայն դեռևս որևէ կերպ չի երաշխավորում, որ նշված փաստաթղթերը երբևէ ուժի մեջ կմտնեն այն ծավալով, ինչպես նախատեսվում է: Այդ է վկայում, օրինակ, Ուկրաինայի փորձը: Թեև ԵՄ-ն հույս է հայտնում այս երկրի հետ Ասոցացման համաձայնագիրն ի վերջո ստորագրել 2014-ին՝ երկկողմ գագաթնաժողովի ընթացքում, այնուամենայնիվ, հաշվի առնելով Կիևից հնչեցվող մտահոգություններն ու մտավախությունները, կարելի է ենթադրել, որ դա տեղի չի ունենա մոտ ապագայում:

-Հայաստանի մասով ի՞նչ կասեք:

-Հայաստանի հետ կապված իրավիճակը ևս չի խոսում հօգուտ ԵՄ-ի: Այն, որ այսօր հնարավոր չեղավ նախաստորագրել համաձայնագիրը, ինչին կողմերը պատրաստվել էին բավականին երկար, արդեն խոսում է գործընթացում առկա բացերի և խնդիրների մասին: Այս իմաստով գագաթնաժողովի եզրափակիչ համատեղ հայտարարության մեջ Հայաստանին վերաբերող հատվածը հետաքրքիր ձևակերպում ստացավ, կողմերն ընդգծեցին «փոխադարձ հարաբերությունների` գոյություն ունեցող հիմքերը վերանայելու և նորացնելու կարևորությունը»: Ինչպես գիտենք` ՀՀ-ԵՄ հարաբերությունները կարգավորվում են դեռևս 1996-ին կնքված և 1999-ից գործող՝ Գործընկերության և համագործակցության համաձայնագրով, որի շրջանակներում էլ իրականացվում էր փոխադարձ համագործակցությունը, ԵՄ օժանդակությունը ՀՀ ներքին բարեփոխումներին: Եվ եզրափակիչ դեկլարացիայի նմանվող ձևակերպումից կարելի է եզրակացնել, որ ԳՀՀ-ն առաջիկայում կփոխարինվի որակապես նոր փաստաթղթով, որն, ամենայն հավանականությամբ, կարտացոլի հենց Ասոցացման համաձայնագրի բովանդակությունը կամ գոնե՝ դրա որաշակի մասը:

Այնուամենայնիվ, այն, ինչ տեղի ունեցավ Վիլնյուսում, հատկապես՝ ՀՀ եւ Ուկրաինայի առնչությամբ, վեր հանեց մի շարք խնդիրներ: Եվ առաջին հերթին՝ այն, որ ԱլԳ-ի եթե ոչ՝ նախագծման, ապա գոնե՝ իրականացման ընթացքում հաշվի չեն առնվել մի շարք խնդիրներ, որ կարող էին ծագել: Հաշվի չեն առնվել գործընկեր երկրներից յուրաքանչյուրի ունեցած առանձնահատուկ իրավիճակը և առկա խնդիրները: Եվ պատահական չէ, որ ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Ս. Ֆյուլեն իր ելույթում ընդգծեց գործընկերների հետ «երկկողմ հարաբերություններում առավել մեծ տարբերակում ապահովելու» անհրաժեշտությունը: Ամենայն հավանականությամբ՝ հենց այս տրամաբանությամբ էլ կկառուցվեն հետագա հարաբերությունները ԱլԳ գործընկերների, այդ թվում` Հայաստանի հետ:

Աղբյուր՝ Tert.am