“Խաղաղությունը հայերի և ադրբեջանցիների աչքերով”

“Միասին” խաղաղասիրական ծրագիրը նախորդ տարի միավորեց Հայաստանի, Ադրբեջանի և Ղարաբաղի ստեղծագործողներին: Ծրագրի շրջանակներում, որը ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան աջակցությամբ համատեղ իրականացրել են “Եվրոպական ինտեգրացիա” (Երևան), “Հումանիտար հետազոտությունների հանրություն” (Բաքու) և “Ժողովրդական դիվանագիտության ինստիտուտ” (Ստեփանակերտ) հասարակական կազմակերպությունները, դիզայներներ և “կլիպմեյքերներ”, երաժիշտներ և բանաստեղծներ, լուսանկարիչներ և PR մասնագետներ դարձան երգերի և կարգախոսների, լոգոների և լուսանկարների հեղինակներ,

իսկ ծրագրի բոլոր մասնակիցներն արժանացան շնորհակալագրերի, որոնք ստորագրվել են այդ թվում ԱՄՆ-ից ԵԱՀԿ ՄԽ համանախագահի կողմից:

“Միասին” ծրագիրը շարունակվում է այս տարի: Ըստ 2013 թվականի ծրագրի, տարվա ընթացքում սպասվում է 5 Skype կոնֆերանսների կազմակերպում հայերի և ադրբեջանցիների միջև, ինչպես նաև ծրագրի ստեղծագործական հատվածի շարունակություն. կհավաքվեն խաղաղության թեմայով լուսանկարներ, բացի այդ, արդեն հայտարարվել է “Together” երգի անգլերեն խոսքերի մրցույթը:

Ծրագրի շրջնակներում արդեն տեղի է ունեցել Skype կոնֆերանս, որը կապ է հաստատել Բաքվի և Երևանի միջև: Երկրորդ վիրտուալ հանդիպումը կապ է հաստատել երկու սահմանամերձ շրջանների՝ Իջևանի և Ղազախի երիտասարդների միջև: Բացի այդ, ծրագրի կազմակերպիչները Իջևան և Ղազախ էին տարել “Խաղաղությունը հայերի և ադրբեջանցիների աչքերով” թեմայով լուսանկարներ` “Միասին” ծրագրի առաջին փուլի լուսանկարները: Իջևանում այդ լուսանկարները փոխանցվեցին տեղի բուհին՝ Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղին, որտեղ էլ տեղի էր ունենում Skype կոնֆերանսը, որի իրականացման օրը լուսանկարներն արդեն ցուցադրված էին համալսարանում, որտեղ յուրաքանչյուր ցանկացող կարող է ծանոթանալ դրանց հետ: Այդ ինքնատիպ խորհրդանշական “խաղաղության թանգարանը”՝ որպես լուսանկարների մշտական ցուցահանդես, մշտապես հիշեցնելու է այն մասին, որ մեր հասարակություններին, մեր ժողովուրդներին, մեր երկրներին խաղաղությունը պետք է ամեն օր և ամեն ժամ…

Նշենք, որ դրան զուգահեռ Հայաստանում, Ադրբեջանում և Ղարաբաղում սկսվել է “Խաղաղություն” թեմայով նոր լուսանկարների հավաքագրում, որոնք ծրագրի ընթացքում անանուն կտեղադրվեն Facebook սոցիալական կայքի “Together” էջում, և 3 լավագույն խաղաղասիրական լուսանկարները (ըստ like-երի քանակի) ծրագրի վերջում կստանան համապատասխան մրցանակներ:

Աղբյուրը՝ “Արմեդիա” ՏՎԳ