31 ԿԻԼՈՄԵՏՐ, ՈՐՈՆՔ ԲԱԺԱՆՈՒՄ ԵՆ ԻՋԵՎԱՆԸ ԵՎ ՂԱԶԱԽԸ

Հայկական և ադրբեջանական Իջևան և Ղազախ սահմանամերձ քաղաքների միջև 31 կիլոմետր է: Չլինեին պատերազմը և փակ սահմանները, մի քաղաքից մյուսը հնարավոր կլիներ հասնել 20 րոպեում: Սակայն դա այսօր հնարավոր չէ, և երկու շրջանների բնակիչներն այսօր տարբեր կերպ են ընկալում նրանց, ովքեր գտնվում են սահմանից այն կողմ:

Ավագ սերունդն ունի նախապատերազմյան շփման փորձ, և նրանց հայտնի է՝ ովքեր կամ ինչպիսի մարդիկ են ապրում իրենցից մի քանի կիլոմետր հեռավարության վրա: Իսկ ահա երիտասարդները, նրանք, ովքեր հակամարտության հասակակից են, պատկերացում չունեն, թե ինչպիսին են “այն կողմում” ապրողները, ի՞նչ են նրանք մտածում հակամարտության և ներկայի մասին, ապագայի և միմյանց հետ փոխհարաբերությունների մասին:

“Միասին-2″ խաղաղասիրական ծրագիրը, որը ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան աջակցությամբ համատեղ իրականացնում են “Եվրոպական ինտեգրացիա” (Երևան), “Հումանիտար հետազոտությունների հանրություն” (Բաքու) և “Ժողովրդական դիվանագիտության ինստիտուտ” (Ստեփանակերտ) հասարակական կազմակերպությունները, հնարավորություններ է ընձեռում սահմանամերձ շրջանների երիտասարդների միջև երկխոսություն սկսելու համար: “Ինչպիսի՞ն են նրանք՝ սահմանից այն կողմ”. այս ընդհանուր խորագրի ներքո ծրագրի ընթացքում տեղի է ունենալու Երևանի, Բաքվի, Ղազախի, Ստեփանակերտի, Իջևանի, Մարտակերտի և Նաֆթալանի միջև հինգ վիրտուալ հանդիպում (Skype կոնֆերանս):

Առաջին Skype կոնֆերանսը, որը կապ է հաստատել Երևանի և Բաքվի միջև, տեղի է ունեցել նոյեմբերի սկզբին: Երկրորդ վիրտուալ կամուրջը կապել է սահմանամերձ Իջևանը և Ղազախը: Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղում հավաքված հայ ուսանողներն իրենց ադրբեջանցի հասակակիցների հետ փորձի շփում չունեին առհասարակ: Այդ իսկ պատճառով, նախքան Skype կոնֆերանսը տեղի ունեցավ թրեյնինգ ուսանողների համար, որի ընթացքում “Եվրոպական ինտեգրացիա” ՀԿ նախագահ Կարեն Բեքարյանը պատմեց նման ծրագրերի մասին՝ ուսանողներին ներկայացնելով “խաղաղության տարրերը”, որոնք ստեղծվել էին “Միասին” ծրագրի առաջին փուլի շրջանակներում:

“Շենգավիթ” բժշկական կենտրոնի հոգեբան Նարինե Պետրոսյանը հոգեբանորեն նախապատրաստեց ուսանողներին սահմանից այն կողմ իրենց հասակակիցների հետ զրույցին: Ի՞նչ է հանդուրժողականությունը և ո՞վ է թշնամին, շփման ի՞նչ կամուրջներ կան և ինչպե՞ս կարելի է հասնել խաղաղության: Առաջին հայացքից հեշտ թվացող այս հարցերն իրականում բավական բարդ են, եթե դրանց անդրադառնանք սահմանից այն կողմ բնակվողների հետ երկխոսություն սկսելու տեսանկյունից…

Ղազախը և Իջևանը կապող Skype կամուրջը շատ հարցեր բարձրացրեց և մասամբ դրանց նաև պատասխանեց: Տեխնիկական թերությունները թույլ չտվեցին, որպեսզի Ղազախի և Իջևանի երիտասարդները զրուցեն միմյանց տեսնելով. ժամանակ առ ժամանակ վիդեո-կապն ընդհատվում էր: Սակայն շփման հանդեպ եղած հետաքրքրությունն այնքան մեծ էր, որ նույնիսկ տեխնիկական թերությունների առկայությամբ զրույցը շարունակվում էր: “Պետք չէ վերադառնալ անցյալ, անհրաժեշտ է նայել դեպի ապագա և մտածել այն մասին, թե ինչ է հնարավոր անել միասին, որպեսզի լինենք ոչ միայն հարևաններ, այլև ընկերներ, ինչպես նախկինում, և որպեսզի միավորենք մեր ջանքերը հանուն ապագայի”, – Ղազախից հնչած այսպիսի կարծիքի բարձրաձայնումով էլ սկսվեց երկխոսությունը, որն էլ ընդհանուր առմամբ նշանավորեց ողջ քննարկման բանաձևը. նայել ոչ թե ետ, այլ առաջ: “Որևէ բան ստեղծելու, որևէ գործընթաց զարգացնելու համար անհրաժեշտ է հասնել մեր երկրների ներքին զարգացվածության և դրանից հետո միայն երկխոսություն ծավալել”, “Մեր նախագահները հանդիպում են, սակայն դրանից այն կողմ գործն առաջ չի գնում: Արդյո՞ք այս հակամարտությունը կարող է լուծվել ընդամենը երկու մարդու կողմից”, “Մեր հասարակություններում հակամարտություններն անհրաժեշտ է լուծել ոչ թե վերևից, այլ ներքևից: Եվ նման հանդիպումները պետք է ավելի լայնամասշտաբ անցկացվեն, բաց լսարաններում, ոչ թե փակ…”, “Նույնիսկ երկու երղբայրներն են վիճում, այդ իսկ պատճառով, հնարավոր է, որ մենք էլ կարող ենք ապագայում ընկերանալ”, “Մի՞թե մարդիկ նախկինում մեզնից քաղաքակիրթ են եղել, եթե այդքան հակամարտություններից հետո շարունակել են շփվել և նույնիսկ ընկերություն անել”, “Ինչո՞ւ մենք կարողանում ենք ընկերություն անել այլ վայրերում՝ երրորդ երկրներում, սակայն ոչ մեր շրջաններում”, “Հիանալի կլիներ, եթե հնարավոր լիներ հանդիպում կազմակերպել ոչ միայն երիտասարդների, այլև Իջևանի և Ղազախի ավագ սերնդի ու երիտասարդների միջև, որպեսզի երիտասարդներին փոխանցվի նախկինում եղած ամեն լավ բան”, – սրանք միայն հատվածներ են այն երկխոսությունից, որը, ինչպես ընդգծում էին Skype հանդիպման բազմաթիվ մասնակիցներ, չնայած տեխնիակական խնդիրներին, բավական ջերմ էր: Միևնույն ժամանակ, ինչպես նկատեցին հանդիպման կազմակերպիչները, այժմ շրջաններում ավելի շատ են խոսում ազգային լեզվով, և դա, ըստ էության, կարող է բարդացնել երկխոսությունը: Ինչպես նշեցին Ադրբեջանում ծրագրի գործընկերները, “շրջաններում մարդիկ առավել են տուժել, այդ իսկ պատճառով, նրանք ավելի շատ կարիք ունեն նման ծրագրերի, նման երկխոսությունների, և առանց շրջանային ակտիվիստների աջակցության մեզ համար դժվար կլինի առաջ ընթանալ”:

Ինչպես Ղազախի, այնպես էլ Իջևանի լսարանները դրսևորեցին միմյանց հետ երկխոսելու ցանկություն և պատրաստակամություն: Իհարկե, Skpye կոնֆերանսի մասնակիցներից շատերի գնահատմամբ ավելի ճիշտ կլիներ շփվել իրականում, երես առ երես, սակայն փակ սահմանը ևս մեր իրականության մաս է կազմում, այնպես, ինչպես հայ և ադրբեջանցի երիտասարդների միջև տեղի ունեցած երկխոսությունը: Հանդիպման ընթացքում երիտասարդ մասնակիցներից մեկն ասաց. “ինչո՞ւ նման միջոցառումներ չեն կազմակերպվել նախկինում, չէ՞ որ միմյանց հետ ավելի հաճախ զրուցելու դեպքում չի բացառվում, որ սահմանին երիտասարդներ այլևս չեն զոհվի…”

Հնարավոր է՝ նման փոքր ծրագրերն առայժմ ունակ չեն սահմանին զինվորների կյանքին և մահին վերաբերող մեծ հարցեր լուծել: Սակայն այն, որ նման հարցերն ստիպում են բազմաթիվ երիտասարդների խորհել այնպիսի կարևոր հարցերի շուրջ, ինչպիսին են խաղաղությունը և թշնամին, բարին և հարևանը, դա միանշանակ է: Իսկ խոհեմ մարդը երբեք չի ընտրի սահմանին հրաձգությունը: Նա կընտրի խաղաղ երկինքը…

03.12.2013