ԱՅՍ ՇԱԲԱԹ ԵՎՐՈՊԱՅՈՒՄ…

“Եվրոպական ինտեգրացիա” ՀԿ տեղեկատվական գործընկեր “Արմեդիա” ՏՎԳ-ն ներկայացնում է այս շաբաթ Եվրոպայում սպասվող իրադարձությունները, որոնք անմիջականորեն անդրադառնում կամ հետաքրքրություն են ներկայացնում Հայաստանի համար։ Հատուկ ուշադրություն է դարձվում միջազգային կառույցներին և դրանց շրջանակներում նախանշված հանդիպումներին ու միջոցառումներին։

Դեկտեմբերի 9-ին Բրյուսելում տեղի է ունենալու ԵՄ-ՀՀ համագործակցության խորհրդի 14-րդ նիստը, որին ներկա են գտնվելու ԵՄ ընդլայնման և եվրոպական հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն և ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը։ Նույն օրը Բրյուսելում սպասվում է նաև ԵՄ-Ադրբեջան համագործակցության խորհրդի նիստ։ ԵՄ-Վրաստան համագործակցության խորհուրդը հանդիպելու է դեկտեմբերի 12-ին։

Դեկտեմբերի 9-12-ը Եվրախորհրդարանի հերթական պլենար նստաշրջանն է։ Դեկտեմբերի 10-ին տեղի է ունենալու Արևելյան գործընկերության վիլնյուսյան գագաթաժողովի արդյունքների և ԱլԳ ապագայի քննարկում, առանձնահատուկ ուշադրություն է դարձվելու Ուկրաինայի հարցին։ Դեկտեմբերի 12-ին ակնկալվում է բանաձևի ընդունում։ Անդրադարձ է կատարվելու նաև ԱլԳ գործիքներին։

Նստաշրջանի շրջանակներում դեկտեմբերի 11-ին քվեարկության է դրվելու ԵՄ ծրագրերին Հայաստանի մասնակցության հիմնական սկզբունքների վերաբերյալ ՀՀ-ԵՄ համաձայնագիրը։

Դեկտեմբերի 12-ին Բրյուսելում տեղի է ունենալ ԵՄ Արտաքին քաղաքականության հարցերով խորհրդի նիստը՝ նվիրված զարգացման հարցերի քննարկմանը։ Նիստը նախագահելու է ԵՄ Բարձր հանձնակատար Քեթրին Էշթոնը։

Դեկտեմբերի 13-ին Փարիզում տեղի է ունենալու ԵԽԽՎ Մոնիթորինգի կոմիտեի պլենար նստաշրջանը, որին ներկա է գտնվելու նաև ԵՄ ընդլայնան և Եվրոպական հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն։

10.12.2013

Աղբյուրը՝ “Արմեդիա” ՏՎԳ