
ՀՀ-ԵՄ. ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՇՈՒՐՋ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ
Երևանում դեկտեմբերի 17-ին տեղի ունեցավ ՀՀ-ԵՄ մարդու իրավունքների շուրջ երկխոսության 5-րդ հանդիպումը, հայտնում են ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունից:
Երկխոսությունն անցավ բարեկամական, բաց և կառուցողական մթնոլորտում, որի ընթացքում քննարկվեցին փոխադարձ հետաքրքրություն և մտահոգություն ներկայացնող հարցեր, ինչպես նաև՝ մարդու իրավունքների ոլորտում կոնկրետ համագործակցության հնարավորությունները:
Հայկական պատվիրակությունը գլխավորում էին ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Եղիշե Կիրակոսյանը, ՀՀ ԱԳՆ ԵՄ բաժնի վարիչ Մհեր Մարգարյանը: ԵՄ պատվիրակությունը գլխավորում էր Եվրոպական արտաքին գործերի ծառայության Արևելյան գործընկերության երկկողմ բաժնի պետ Դիրկ Շուբելը:
Երկխոսության ընթացքում մտքեր փոխանակվեցին Հայաստանում և ԵՄ-ում մարդու իրավունքների իրավիճակի վերաբերյալ: Քննարկումները կենտրոնացած էին մասնավորապես մարդու իրավունքների պաշտպանության ազգային համակարգի, դատական բարեփոխումների, ընտրությունների և ընտրական համակարգի, ազատ արտահայտվելու և տեղեկատվության ազատության, հավաքներ անցկացնելու և միավորումներ կազմելու ազատության, քաղաքացիական հասարակության գործունեության և խտրականության դեմ պայքարի շուրջ:
Հայաստանը և ԵՄ-ն քննարկեցին նաև մարդու իրավունքների շուրջ համագործակցությունը միջազգային կազմակերպությունների, մասնավորապես` ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի և Եվրոպայի խորհրդի շրջանակներում:
Հայաստանի և ԵՄ միջև Մարդու իրավունքների շուրջ երկխոսության առաջին հանդիպումը տեղի է ունեցել 2009թ-ի դեկտեմբերին: Հանդիպումները տեղի են ունենում տարեկան մեկ անգամ, հաջորդաբար՝ Երևանում և Բրյուսելում:
18.12.2013