
Այս շաբաթ Եվրոպայում…
Ներկայացնում ենք այս շաբաթ Եվրոպայում սպասվող իրադարձությունները, որոնք անմիջականորեն անդրադառնում կամ հետաքրքրություն են ներկայացնում Հայաստանի համար։ Հատուկ ուշադրություն է դարձվում միջազգային կառույցներին և դրանց շրջանակներում նախանշված հանդիպումներին ու միջոցառումներին։
Հունիսի 23-ին Լյուքսեմբուրգում ԵՄ գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնի նախագահությամբ կանցկացվի ԵՄ Արտաքին հարաբերությունների խորհրդի նիստ։ Օրակարգում ընդգրկված են Ուկրաինայի, Սիրիայի, Լիբիայի և Իրաքի հարցերը։ ԵՄ խորհրդին հրավիրված է մասնակցելու նաև Ուկրաինայի նորաշանակ ԱԳ նախարար Կլիմկինը, ում հետ կքննարկվեն վերջին զարգացումները երկրում։
Հունիսի 23-ին Լյուքսեմբուրգում տեղի կունենա Թուրքիա-ԵՄ Ասոցացման խորհրդի նիստ, որին կմասնակցի նաև ԵՄ ընդլայնման և եվրոպական քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն։
Ստրասբուրգում հունիսի 23-27-ը կանցկացվի ԵԽԽՎ ամառային նստաշրջանը։ ԵԽ նախարարների կոմիտեում Ադրբեջանի նախագահության շրջանակներում հունիսի 23-ին զեկույցով հանդես կգա Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը։ Հունիսի 24-ին խորհրդարանականների առաջ ելույթով հանդես կգա Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, հունիսի 26-ին Ուկրաինայի հարցի շուրջ քննարկումներին մասնակցելու է հրավիրված Ուկրաինայի նախագահ Պյոտոր Պորոշենկոն։ Նստաշրջանի ընթաքում կընտրվի նաև Եվրոպայի Խորհրդի նոր գլխավոր քարտուղարը։
Հունիսի 27-ին Բյուսել կմեկնի ՀՀ Էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը, ով հանդիպում կունենա ԵՄ առևտրի հարցրով հանձնակատար Կարլ դե Գուխտի հետ։
Հունիսի 26-ին կկայանա ԵՄ-Մոլդովա համագործակցության խորհրդի նիստ։
Հունիսի 26-ին ԵՄ գագաթաժողովի նախօրեին տեղի կունենա Եվրոպական ժողովրդական կուսակցության գագաթաժողով։
Հունիսի26- 27-ին Բյուսելում կհանդիպեն ԵՄ անդամ երկրների ղեկավարները։ Հունիսի 27-ին գագաթաժողովի ընթացքում կստորագրվեն Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի հետ Ասոցացման համաձայնագրերը։ Նիստի արդյունքները մամլո ասուլիսով կամփոփեն Եվրոպական Խորհրդի նախագահ Հերման Վան Ռոմպոյը և Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուն։
Հունիսի 28-ից հուլիսի 2-ը Բաքվում կանցկացվի ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի ամենամյա նստաշրջանը։ Հանդիպման ավարտին կընդունվի ամփոփիչ եզրակացությունների փաթեթ։ Ուշադրության կենտրոնում են լինելու քաղբանտարկյալների, գաղթականների, հատկապես աշխատանքային միգրանտների իրավունքների հարցը։ Եզրակացության նախնական տարբերակում ներառված է կոչ՝ ուղղված ԵԱՀԿ Մշտական խորհրդին վերաբացել առաքելությունները Բելառուսում և Վրաստանում և վերադարձնել մոնիթորինգի և զեկուցման մանդատն Ադրբեջանում և Ուկրաինայում գտնվող ԵԱՀԿ առաքելություններին։
Աննա Կարապետյան