
ԵՎՐՈՊԱՆ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԲԱԽՎԵԼ ԳԱՂԹԱԿԱՆՆԵՐԻ ԽՆԴՐԻՆ
Սիցիլիայի և Հյուսիսային Աֆրիկայի միջև ծովում փրկված փախստականների ձկնորսական նավի վրա 30 դի է հայտնաբերվել, տեղեկացրել է Իտալիայի առափնյա հսկողության ծառայությունը: Վերջինիս տվյալներով, նավի վրա եղել են Հյուսիսային Աֆրիկայից 590 փախստականներ և գաղթականներ, հայտնում է РИА “Новости”-ն: Շտապ օգնության կարիք ունեցող մի քանի մարդ, այդ թվում երկու հղի կին, անմիջապես տեղափոխվել են մայրցամաք:
Իտալիայի ռազմածովային ուժերն առափնյա հսկողության ծառայության հետ միասին վերջին հանգստյան օրերի ընթացքում փրկել են 1,6 հազար գաղթականների, որոնք փորձել են անօրեն ճանապարհով հատել երկրի սահմանը:
2013 թվականի հոկտեմբերին Լամպեդուզայի ափերի մոտ խորտակվեց ձկնորսական նավ, որը տեղափոխում էր Աֆրիկայից 500 գաղթականների: Այն ժամանակ իտալացի փրկարարները հայտնաբերեցին 359 դի, փրկել հաջողվեց 155 մարդու: Աֆրիկայի ափից 113 կիլոմետր հեռավորության վրա գտնվող իտալական կղզի յուրաքանչյուր տարի ժամանում են Եվրոպայում ավելի լավ կյանք փնտրող հարյուրավոր գաղթականներով նավեր:
Հյուսիսային Աֆրիկայի երկրներից դեպի Իտալիա ծովով անօրեն ներգաղթի հետ կապված իրավիճակը շարունակում է վատանալ: Գաղթականներին ընդունող մասնագիտացված կենտրոնները, որոնք տեղակայված են Իտալիայի հարավում, լեփ-լեցուն են, քանի որ իշխանությունները չեն հասցնում գրանցել նոր ժամանածների մասին տվյալները: Իտալիայի կառավարությունն օգնության խնդրանքով, այդ թվում ֆինանսական, բազմիցս դիմել է Եվրամիության ղեկավարությանը: Իտալիայի իշխանություններն անօրեն ներգաղթը համարում են ողջ Եվրոպայի խնդիրը, քանի որ Իտալիա ժամանած գաղթականները հետագայում մեկնում են եվրոպական այլ երկրներ:
Միևնույն ժամանակ, ֆրանսիական “Ազգային ճակատ” աջ-ծայրահեղական կուսակցության ղեկավար Մարին Լե Պեն առաջարկել է արգելել գաղթականներին երկքաղաքացիության տրամադրումը: Քաղաքական գործիչը նման հայտարարությամբ հանդես է եկել Ալժիրից ժամանած գաղթականների կազմակերպած զանգվածային անկարգություններից հետո: Նա առաջարկել է կանխել ներգաղթյալների հոսքը երկիր: Մարին լե Պենի կարծիքով, Ալժիրի հավաքականի հաղթանակին հետևած միջադեպերը “մատնանշել են միգրացիոն քաղաքականության ամբողջական ձախողումը”:
Հիշեցնենք, որ նախորդ հինգշաբթի Բրազիլիայում ֆուտբոլի աշխարհի առաջնության շրջանակներում Ալժիրի հավաքականը, խաղալով ոչ ոքի Ռուսաստանի հավաքականի հետ, անցավ հաջորդ փուլ: Ֆուտբոլի երկրպագուներն այդ իրադարձությունը Փարիզում տոնեցին մինչև ուշ գիշեր: Զանգվածային խրախճանքները վերաճեցին անկարգությունների. երկրպագուները կոտրեցին խանութների ցուցափեղկերը, խախտեցին հասարակական կարգը: Ոստիկանությունը տասնյակ մարդկանց ձերբակալեց:
30.06.2014
Աղբյուրը՝ www.armedia.am