
ԱՅՍ ՇԱԲԱԹ ԵՎՐՈՊԱՅՈՒՄ…
Ներկայացնում ենք այս շաբաթ Եվրոպայում սպասվող իրադարձությունները, որոնք անմիջականորեն անդրադառնում կամ հետաքրքրություն են ներկայացնում Հայաստանի համար։ Հատուկ ուշադրություն է դարձվում միջազգային կառույցներին և դրանց շրջանակներում նախանշված հանդիպումներին ու միջոցառումներին:
Հուլիսի 21-ին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Լիոնում ներկա կգտնվի ՀՀ գլխավոր հյուպատոսության բացման հանդիսավոր արարողությանը։
Հուլիսի 22-ին Բրյուսելում կգումարվի ԵՄ Արտաքին հարաբերությունների խորհրդի նիստ, որին մասնակցում են ԵՄ անդամ երկրների ԱԳ նախարարները: Օրակարգում ընդգրկված է Ուկրաինայի ճգնաժամի քննարկումը, այդ թվում՝ Ուկրաինայում քաղաքացիական անվտանգության ոլորտի բարեփոխումներին աջակցելու համար ԵՄ հատուկ առաքելության հիմնումը: Բացի այդ, քննարկվելու է իրավիճակն Իրաքում, խաղաղ գործընթացը Մերձավոր Արևելքում: Հնարավոր է բանաձևերի հաստատում:
Խորհրդի շրջանակներում ակնկալվում է Արևելյան Գործընկերության երկրների և ԵՄ անդամ երկրների ԱԳ նախարարների հանդիպում, որին մասնակցելու է նաև ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը: Բրյուսելում Նալբանդյանը հանդիպում կունենա նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ։
Հուլիսի 23-ին կգումարվի ԵՄ Ընդհանուր հարցերի խորհրդի նիստ, որի ընթացքում ԵՄ նախագահող Իտալիան կներկայացնի մոտակա վեց ամիսների համար աշխատանքային պլանը: Կքննարկվի ԵՄ գագաթաժողովին ընդունված որոշումների իրականացումը, ինչպես նաև որոշում կկայացվի Լիտվայում 2015-ի հունվարի 1-ից եվրոյի հաստատման վերաբերյալ:
21.07.2014