
Շենգենի համաձայնագիրը չի փոփոխվի փախստականների հոսքի պատճառով
Շենգենի համաձայնագիրը փոփոխությունների չի ենթարկվի դեպի Եվրամիություն Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի երկրներից փախստականների զանգվածային հոսքի պատճառով: Այդ մասին չորեքշաբթի օրը հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը։
«Շենգենի համակարգը չի փոփոխվի իմ հանձնաժողովի մանդատի ընթացքում»,- ասել է նա՝ ելույթ ունենալով Ստրասբուրգում Եվրախորհրդարանի լիագումար նիստին:
Յունկերը միևնույն ժամանակ նշել է, որ անհրաժեշտ է բարելավել ԵՄ արտաքին սահմանների հսկողությունը:
Եվրահանձնաժողովի նախագահը նաև պաշտոնապես առաջարկել է Եվրամիության անդամ երկրներին պարտադիր քվոտաների հիման վրա առաջիկա երկու տարվա ընթացքում հավելյալ 160 հազար փախստական ընդունել Մերձավոր Արևելքից և ԱՖրիկայից:
Նշենք, որ 2015 թվականի սկզբից ի վեր ԵՄ տարածք է ժամանել շուրջ 340 հազար ներգաղթյալ:
10.09.2015