
Իսպանիայի վարչապետի հրաժարականն ու Կատալոնիայի խորհրդարանի առաջին նիստը
Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռախոյը ելույթ է ունեցել՝ ամփոփելով իր կառավարման տարիները և երկրի ունեցած ձեռքբերումներն այդ ընթացքում: Ռախոյը հայտարարել է, որ չի մնա վարչապետի պաշտոնում, եթե նրա «Ժողովրդի կուսակցությունը» ամենաշատ ձայներ հավաքածը չլինի դեկտեմբերին կայանալիք ընդհանուր ընտրությունների ժամանակ:
Նշենք, որ Ռախոյի կուսակցությունը վայելում է բացարձակ խորհրդարանական մեծամասնությունը, այն բանից հետո, երբ 2011 թ. ընտրություններում ջախջախիչ հաղթանակ տարավ սոցիալիստների հանդեպ, սակայն երկրի տնտեսական ճգնաժամն ու զանգվածային գործազրկությունը կտրուկ գցեցին կուսակցության հեղինակությունը վերջին տարիներին:
Ռախոյի կառավարությունն ուստի համաձայնեց երեկ պաշտոնապես լուծարել խորհրդարանը՝ սպասելով դեկտեմբերի 20-ին նախանշված ընտրություններին, որոնք, ըստ իսպանական El Pais թերթի, խոստանում են ամենաթեժը լինել վերջին երեք տասնամյակների ընթացքում:
Իսպանիայի սոցիալիստական աշխատավորական կուսակցության ղեկավար Պեդրո Սանչեսն, ով ներկա դրությամբ Ռախոյի թիվ մեկ քաղաքական հակառակորդն է համարվում, իր հերթին հայտարարել է, որ վարչապետ աշխատելու ընթացքում Մարիանո Ռախոյը հետևողականորեն խաբել է իր երկրի ժողովրդին:
Սանչեսի պնդմամբ՝ բոլոր սոցիալական հարցումները համընկնում են այն առումով, որ Ռախոյը Իսպանիայի երբևէ ամենավատ վարչապետն է եղել և երկրի բնակիչները բազմաթիվ պատճառներ ունեն նրան այս անգամ չընտրելու:
Մինչ Մադրիդում կրքեր էին բորբոքվում Ռախոյի հրաժարականի և նրա գլխավոր մրցակից Սանչեսի հայտարարությունների հետ կապված, Կատալոնիայի ինքնավար մարզում գումարվել է առաջին խորհրդարանական նիստը:
Անկախական «Միասին՝ հանուն այո-ի» կոալիցիայի ներկայացուցիչներն ու նրանց դաշնակիցներ արմատական ձախ «Ժողովրդական միասնություն» կուսակցությունն ապահովել են 135-հոգանոց Կատալոնիայի խորհրդարանի 72 մանդատները:
Ինչպես հայտնում է The Catalan News -ը, խորհրդարանի նոր նախագահ Կարմեն Ֆորսադելը նիստի հենց սկզբում անմիջապես հայտարարել է, որ իրենց նպատակն է Կատալոնիան առանձնացնել Իսպանիայից առաջիկա 18 ամիսների ընթացքում:
«Մենք ներկայացնում ենք ինքնիշխան խորհրդարան, որը ցանկանում է ներկայացնել ազատ մարդկանց: Մենք ձևափոխվում ենք սահմանափակ լիազորություններով օժտված տարածաշրջանային խորհրդարանից դեպի լիարժեք հնարավորություններով օժտված ազգային խորհրդարաններին», – հայտարարել է Ֆորսադելը:
Աղբյուրը՝ armedia.am