
Ինչպե՞ս է Մարշալ Մակլուանը կանխատեսել ինտերնետի ի հայտ գալը
Լուսանկարը` Yousuf Karsh
Հերբերթ Մարշալ Մակլուանը հայտնի է դարձել իր կողմից արված 20-րդ դարի ամենահաջող կանխատեսումներից մեկի շնորհիվ: Կանադացի փիլիսոփա և մտավորական Մակլուանը կանխատեսել է ինտերնետի ծնունդը 35 տարի առաջ նախքան վերջինիս ի հայտ գալը:
Մակլուանի հայտնի տեսությունը հիմնված է նրա այն գաղափարի վրա, ըստ որի, մարդկային պատմությունը կարելի է բաժանել չորս դարաշրջանի` ակուստիկ, գրական, տպագիր և էլեկտրոնային:
Նա այս հայեցակարգը ներառել է 1962 թ.-ին գրված «The Gutenberg Galaxy» գրքում, որը հրապարակվել է այն ժամանակ, երբ հեռուստատեսությունը դեռ նոր էր սկսում հանրահայտ դառնալ, գրում է The Telegraph-ը:
Նա կանխատեսել է, որ աշխարհը մտնելու է չորրորդ՝ էլեկտրոնային դարաշրջան, որտեղ մարդիկ համախմբված են լինելու տեխնոլոգիայի շուրջ:
Փիլիսոփան այն անվանել է «գլոբալ գյուղ» (“global village”) և նշել, որ դա լինելու է այն ժամանակաշրջանը, երբ բոլորն ունենալու են հնարավորություն ձեռք բերելու միևնույն տեղեկատվությունը տեխնոլոգիաների միջոցով: «Գլոբալ գյուղ» ասելով՝ նա նկատի է ունեցել ինտերնետը:
Նրա տեսությունները քննադատության են արժանացել 1970-ականներին և անգամ նրա մահից՝ 1980 թ.-ից հետո: Սակայն, 1989-ին՝ ինտերնետի ի հայտ գալուց հետո, Մակլուանի տեսությունները նոր հետաքրքրություն ձեռք բերեցին:
Հերբերթ Մարշալ Մակլուանը ծնվել է 1911 թվականի հուլիսի 21-ին: Google-ը Doodle է նվիրել նրա ծննդյան 106-րդ տարեդարձի կապակցությամբ: