
Կարեն Կարապետյանը և ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին կարևորել են ներքաղաքական իրավիճակի կարգավորումը երկխոսության միջոցով
Ս.թ. ապրիլի 25-ին վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկիին: Կողմերն անդրադարձել են Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակին՝ երկուստեք կարևորելով այն երկխոսությամբ և Սահմանադրության շրջանակում կարգավորելու անհրաժեշտությունը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ֆեյսբուքյան էջից:
Խոսելով ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին արված՝ խորհրդարանական և արտախորհրդարանական քաղաքական ուժերի լայն սպեկտրի մասնակցությամբ քննարկումներ կազմակերպելու իր առաջարկի մասին՝ վարչապետի պաշտոնակատարն ընդգծել է, որ բոլոր հարցերը կարող են քննարկվել բանակցությունների սեղանի շուրջ:
Դեսպան Պյոտր Սվիտալսկին տեղեկացրել է, որ ինքը նույնպես հանդիպումներ է ունենում շահագրգիռ կողմերի ներկայացուցիչների հետ՝ կարևորելով իրավիճակի փոխհամաձայնեցված կարգավորումը: