ԱՇԽԱՏԱՍԵՂԱՆԻ ՄՈՏ ՔՆԵԼՆ ԱՌՈՂՋԱՐԱՐ Է

Այն մարդիկ, ովքեր ժամանակ են գտնում ճաշից հետո մեկ ժամ քնելու, ավելի պակաս հավանականությամբ են սիրտ-անոթային համակարգի հետ խնդիրներ ունենում: Այս մասին ասվում է “Վարքագծային բժշկության միջազգային ամսագրում” հրապարակված զեկույցում:

Երկարատև աշխատանքը, անընդհատ անհանգիստ վիճակը, հեռուստացույցի և համակարգչի առջև երկարատև նստելը բացասաբար են ազդում քնի վրա: Գիտնականների կարծիքով` դա կարող է հանգեցնել արյան բարձր ճնշման և սրտի հետ խնդիրների: Փենսիլվանիայի Ալեգենի քոլեջի մասնագետները համապատասխան փորձաքննության միջոցով պարզել են, թե ինչ ազդեցություն է ունենում ճաշից հետո քունը (առնվազն 45 րոպե) սիրտ-անոթային համակարգի վրա:

Մասնագետներն ընտրել են 85 առողջ ուսանող և բաժանել են երկու մասի: Առաջին խումբը ցերեկը ճաշից հետո հնարավորություն է ունեցել մեկ ժամ հանգստանալու, իսկ մյուս խմբի ուսանողներին նման հնարավորություն չի տրվել: Ընթացքում ուսանողները ենթարկվել են հոգեբանական թեստերի, չափվել է նրանց արյան ճնշումը, լրացվել են համապատասխան անկետաներ:

Արդյունքում պարզվել է, որ ցերեկային քունն ունի թարմացնող ազդեցություն: Չնայած բոլորի մոտ էլ հոգեբանական թեստերից հետո նկատվել է արյան ճնշման բարձրացում` նրանց մոտ, ովքեր ցերեկը քնել էին, արյան ճնշումն արագ էր կարգավորվում:

15.06.2011