
ԵՎՐՈՊԱԿԱՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ՕՐԵՐ «ԳԱՖԷՍՃԵԱՆ»-ՈՒՄ
Եվրոպական ժառանգության օրերի շրջանակում «Գաֆէսճեան» արվեստի կենտրոնում սեպտեմբերի 27-ից միջոցառումների շարք կմեկնարկի:
Այդ օրերին ընդհանուր առմամբ չորս միջոցառումներ են նախատեսվում, իսկ սեպտեմբերի 29-30-ը մուտքն արվեստի կենտրոն անվճար է լինելու բոլոր ցանկացողների համար:
Բոլոր ցանկացողները կարող են վերցնել Կենտրոնի քարտեզը և ընտրել իրենց «մշակութային ճանապարհը»:
Ավելացնենք, որ այս երկու օրերին արվեստի կենտրոնում ժ. 16:00-ին կազմակերպվելու են անվճար էքսկուրսիաներ:
Միջոցառումների շրջանակում սեպտեմբերի 27-ին «Հանդիպում արվեստի հետ» խորագրով տեղի կունենա դասախոսություն-քննարկում՝ նվիրված ԳԱԿ-ի ցուցադրություններին, նոր արվեստանմուշներին և ներկայացված արվեստագետներին, իսկ սեպտեմբերի 28-ին «Կարին» ավանդական երգի-պարի համույթն ու արվեստի կենտրոնը հրավիրում են Կասկադ՝ սովորելու հայկական ավանդական պարեր: Նշենք, որ այդ օրվա ծրագրված երեկոն վերջին նման միջոցառումն է լինելու այս տարի:
Սեպտեմբերի 29-ին «Գաֆէսճեան» արվեստի կենտրոնի «Հատուկ հանդիսությունների սրահում» ելույթ կունենա Աղվան Պապոյան սոուլ նվագախումբը, որը կներկայացնի եվրոպական հիթեր՝ սոուլ, ջազ, բլյուզ:
Միջոցառումների սկիզբը՝ ժ. 19.00-ին:
Նշենք նաև, որ «Եվրոպական ժառանգության օրեր» միջոցառումը պաշտոնապես հաստատվել է Եվրախորհրդի կողմից՝ 1991թ.:
25.09.2012