
ՄԵՐ ԱՄԱՆՈՐՅԱ ԲԱՐԵՄԱՂԹԱՆՔՆԵՐԸ
Հարգելի ընկերներ,
Տարվա վերջին օրը այն ժամանակն է, երբ կարելի է ետ նայել անցած տարվան, վերհիշել ձեռքբերումները, ինչպես նաև վերլուծել սխալները, և որոշումներ ընդունել գալիք տարվա համար:
2012 թվականը նշանալի էր ՚՚՚՚”Եվրոպական ինտեգրացիա” հասարակական կազմակեպության համար, քանի որ այս տարի մենք նշեցինք մեր տասամյակը: Իհարկե, մենք չէինք կարողանա հասնել այս կետին առանց մեր գործընկերների օգնության, առանց մեր անդամների հաստատակամության և, ամենակարևորը, առանց այն տեսլականի, որը ոգեշնչել և միացրել է մեզ ամբողջ անցած ճանապարհի ընթացքում: Մենք շնորհակալ ենք բոլոր այն շահառուներին աջակցության համար, որոնց հանդիպել ենք մեր անցած ճանապարհին:
2012 հետաքրքիր և գործունեությամբ լի տարի էր կազմակերպության համար: 2012 թվականին մենք իրականացրեցինք և մասնակցեցինք բազմաթիվ խաղաղասիրական, իրազեկման ծրագրերի, դասընթացների, աշխատեցինք երիտասարդների հետ և այլն: Այս տարի ընտրվեց մեր վարչության անձնակազմը, որը ստանձնեց իր պարտավորությունները սեպտեմբերից, նշվեց կազմակերպության 10-ամյակը:
Այս տարի բեկումնային էր ՀՀ-ԵՄ հարաբերությունների համար ևս: Զգալի առաջընթաց գրանցվեց Ասոցացման պայմանագրի շրջանակում՝ Խոր և համապարփակ ազատ առևտրի գոտու ստեղծման շուրջ բանակցությունները, ԽՀԱՊ Հայաստանի և ԵՄ-ի միջև մուտքի արտոնագրերի դյուրացման մասին համաձայնագիր ստորագրվեց սույն տարվա դեկտեմբերի կեսին: Բացի այդ, 2012թ. մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ այցելություններ կատարեցին Հայաստան, մասնավորապես՝ Եվրոպական խորհրդի նախագահ Հերման Վան Ռոմպոյը, ԵՄ հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն, Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուն: Իսկ մայիսին անցկացված ՀՀ խորհրդարանական ընտրությունները ճանաչվեցին լավագույնը նորանկախ Հայաստանի պատմության մեջ, ինչը պետք է նպաստի միջազգային չափանիշներին համապատասխանող նախագահական ընտրությունների անցկացմանը 2013թ.-ին։
Մտնելով նոր տարի, ՚”Եվրոպական ինտեգրացիա” հասարակական կազմակերպությունը շարունակելու է առաջ ընթանալ և աշխատել այն բոլոր ուղղություններով, որոնք կազմում են կազմակերպության գերակայությունները:
Մենք շատ ավելի ձեռքբերումներ կունենանք, եթե միասին աշխատենք:
“Եվրոպական ինտեգրացիա” հասարակական կազմակերպության ողջ անձնակազմը շնորհավորում է ձեր Ամանորն ու Սուրբ Ծնունդը և մաղթում հաջողակ 2013 թվական:
Լավագույն մաղթանքներով և տոնական տրամադրությամբ,
“Եվրոպական ինտեգրացիա” ՀԿ թիմ