
ՀՀ ԱԳՆ ղեկավարը մայիսի 16–ին ստանձնում է ԵԽ նախարարների կոմիտեի նախագահությունը
Այսօր Ստրասբուրգում Եվրոպայի Խորհրդի Նախարարների Կոմիտեի 123-րդ նստաշրջանի ընթացքում ԵԽ նախագահությունը Անդորրայից անցնում է Հայաստանին: Հայաստանն արդեն իսկ բարձրաձայնել է իր գերակայությունները և նախագահության ընթացքում սպասվող միջոցառումները:
Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետությունը 2001 թ.-ից Եվրոպայի Խորհրդի լիակատար անդամ է: Կառույցում նախագահությունը փոխանցվում է այբբենական կարգով բոլոր երկրներին 6 ամիս ժամկետով՝ մայիսից նոյեմբեր: Հայաստանն առաջին անգամ է ստանձնում կառույցի նախագահությունը:
Սա ըստ էության շատ լավ հնարավորություն է մեծացնելու Հայաստանի դերակատարումն ու ներդրումը եվրոպական օրակարգի ձևավորմանը, առկա խնդիրների լուծմանը և, առաջին հերթին, մեզ հուզող հարցերը բարձրաձայնելու համար: Ինչպես բազմիցս նշվել է ՀՀ ԱԳ նախարար Է.Նալբանդյանի կողմից, մեր նախագահության գերակայությունները որոշելիս մենք առաջնորդվել ենք եվրոպական և մեզ համար օրակարգային հարցերի համադրման սկզբունքով:
ԵԽ Նախարարների կոմիտեում ՀՀ նախագահության վեց ամիսների համար հռչակվել են հետևյալ չորս գերակայությունները.
- պայքար Եվրոպայում ռասիզմի և անհանդուրժողականության դեմ, միջմշակութային երկխոսության միջոցով եվրոպական արժեքների տարածումը,
- եվրոպական ստանդարտների ուժեղացում մարդու իրավունքների և օրենքի գերակայության ոլորտներում,
- ժողովրդավարական հասարակությունների խթանում,
- Եվրոպայի ճարտարապետության մեջ Եվրոպային խորհրդի դերի մեծացում:
Առաջին գերակայության ներքո մեծ ուշադրություն է դարձվելու մոնիթորինգին, տեղեկացվածության մակարդակի բարձրացմանը, ԶԼՄ-ների և սոցիալական ցանցերի միջոցով անհանդուրժողականության դեմ պայքարին: Նաև մեծ ուշադրություն է դարձվելու տեղեկատվության հասանելիության հարցերին:
Տարբեր մակարդակներով, համաժողովների ընթացքում քննարկվելու են մարդու իրավունքների պաշտպանության և օրենքի գերակայության ապահովման արդի խնդիրներն ու զարգացումները:
Ժողովրդավարական հասարակությունների խթանման ներքո մեծ ուշարդություն է դարձվելու կրթության ոլորտին, ինչպես նաև տեղական ինքնակառավարման մեջ քաղաքացիների ներգրավման մակարդակի բարձրացմանը: Կարևորվելու է մշակութային ժառանգության պահպանման հարցը:
Հայաստանը նաև մեծ կարևորություն է տալիս Եվրոպայի խորհրդի բարեփոխման ընթացիկ ծրագրերին, շեշտադրել է միջազգային և տարածաշրջանային կազմակերպությունների հետ համագործակցության խորացման անհրաժեշտությունը:
Վերոնշյալ և այս գերակայությունների ներքո այլ հարցերի բարձրաձայնման և քննարկման համար կկազմակերպվեն մի շարք միջոցառումներ, որոնց ցանկը ներկայացնում ենք ստորև.
Մայիսի 30-31 ԵԽԽՎ Բյուրոյի և Մշտական կոմիտեի նիստ Երևանում,
Հունիսի 6 Երկխոսությունը ԵԱՀԿ-ի հետ, Վիեննա (ամսաթիվը ենթակա է հաստատման),
Հունիսի 18-19 HELP (The Human Right Education for Legal Professionals) Ցանցի համաժողով, Ստրասբուրգ,
Հունիսի 18 Տեղական և տարածքային իշխանությունների Կոնգրեսի Բյուրոյի նիստ, Երևան,
Հունիսի 19 «Մասնակցային ժողովրդավարության զարգացումը տեղական մակարդակում» համաժողով, Երևան,
Հուլիսի 3-5 «Օրենքի գերակայության եվրոպական ստանդարտներ և ԵԽ անդամ երկրներում իշխանությունների տարանջատման սահմանները» համաժողով, Երևան,
Հուլիսի 4-5 Մամուլը և կնոջ կերպարը համաժողով, Նիդերլանդներ (վայրը ենթակա է հաստատման),
Օգոստոսի 31 – Սեպտեմբերի 1 – 2013թ. եվրոպական ժառանգության օրեր ծրագրի և հաղորդակցային պլատֆորմի պաշտոնական մեկնարկ, Երևան,
Սեպտեմբերի 2-3 Եվրոպայի խորհրդի 2013թ Միջմշակութային երկխոսության կրոնական հարթակի փոխանակում, Երևան,
Հոկտեմբերի 8-9 Եվրոպայի խորհրդի դատախազների պլենար հանդիպում, Երևան,
Հոկտեմբերի 11-12 – ԵԽ անդամ երկրների մայրաքաղաքաների քաղաքապետերի հանդիպում, Երևան (ամսաթիվը ենթակա է հաստատման),
Հոկտեմբերի 17-18 Եվրոպական բարձրագույն կրթության ոլորտի վերաբերյալ կրթության նախարարների տարածաշրջանային հանդիպում, Երևան,
Հոկտեմբեր Սահմանափակումներ ունեցող մարդկանց սոցիալական ներգրավման վերաբերյալ սեմինար, Երևան (ամսաթիվը ենթակա է հաստատման)
Հոկտեմբերի վերջին շաբաթ Եվրոպայում ռասիզմի և քսենոֆոբիայի դեմ պայքարին նվիրված համաժողով բարձր մակարդակով (ամսաթիվը ենթակա է հաստատման),
Նոյեմբերի 5-8 Երիտասարդական քաղաքականության սիմպոզիում՝ Երիտասարդների դերը ժողովրդավարական քաղաքացիության և մասնակցությանն ուղղված կրթության մեջ, Երևան (թեման ենթակա է հաստատման),
Նոյեմբեր 6-8 Ոչ ատելության տարածմանը շարժման միջոցառում, Ստրասբուրգ,
Նոյեմբերի 13 Նախարարների կոմիտեի հանդիպում, նախագահության հանձնում Հայաստանից Ավստրիային, Ստրասբուրգ (ամսաթիվը ենթակա է հաստատման):
16.05.2013
Արմեդիա ՏՎԳ