
Դիվանագիտական պատերազմ Իսպանիայի և Մեծ Բրիտանիայի միջև
Իսպանիան և Մեծ Բրիտանիան պատերազմի հարթակ են տեղափոխվում: Առայժմ՝ դիվանագիտական:
Լոնդոնի կողմից արհեստական պատնեշի կառուցումը կարող է լուրջ հարված հասցնել իսպանացի ձկնորսների եկամուտներին: Ի պատասխան՝ Մադրիդը սաստկացրել է սահմանի վերահսկողությունը, ինչը բարդացրել է ինչպես բրիտանացիների, այնպես էլ իսպանացիների կյանքը: Աշխատանքի հասնելու համար Ջիբրալթար մտնելիս և այնտեղից դուրս գալիս մարդիկ ժամերով կանգնում են խցանման մեջ: Իսկ ահա իսպանացի ձկնորսներն իրենց իշխանություններին շնորհակալ են: Իսպանացիներն այստեղ այլևս չեն կարող ձկնորսությամբ զբաղվել, իսկ ջրերը, փաստացի, չեզոք են:
Տեղեկանք
Ջիբրալթարն արդեն երեք դար շարունակ Մեծ Բրիտանիայի և Իսպանիայի միջև վեճի առարկա է մնում: Անգլո-իսպանական վեճի առարկա այն դարձել է XVIII դարի սկզբին, երբ Իսպանիան կորցրեց հզորությունը, իսկ Անգլիան, ընդհառակը, ուժ հավաքեց և պատերազմի ժամանակ գրավեց Ջիբրալթարի ամրոցը: Այդ ժամանակվանից ի վեր անգլիացիները վերահսկում են Պիրենեյան թերակղզու հարավային ափի ժայռոտ հատվածը, որի տարածքը 6,5 քառակուսի կիլոմետր է, իսկ բնակչության թիվը հասնում է 30 հազարի:
Այժմ այն ունի Միացյալ Թագավորության ափամերձ շրջանի կարգավիճակ: Մադրիդը ձգտում է ապագաղութացնել Պիրենեյան թերակղզու այդ հատվածը:
Վարչապետ Մարիանո Ռախոյի աջ-կենտրոնական կառավարությունն առավել կոշտ քաղաքականություն է վարում իրեն նախորդածների համեմատությամբ:
Սա քաղաքական հարց է, սակայն այն այժմ ուղղակիորեն անդրադարձել է հասարակ մարդկանց վրա:
Վերջին հանրաքվեի ժամանակ Ջիբրալթարի բնակիչները միաձայն գերադասեցին մնալ Նորին Գերազանցություն Եղիսաբեթ II-ի իշխանության ներքո: Նրանք դեռևս հավատում են լեգենդին. քանի դեռ այստեղ ապրում է գոնե մեկ մագոտ կապիկ, Ջիբրալթարը իսպանական չի լինի:
“Իսպանական կառավարությունը պետք է պաշտոնապես բողոքի: Բրիտանացիների իշխանությունը սահմանափակվում է Ջիբրալթար ժայռով և ոչ ծովով”, – ասում են իսպանացիները:
Սպասվում է, որ Իսպանիան իր բողոքը կհայտնի Արգենտինայի հետ միասին: Սեպտեմբերին բանակցություններ են տեղի ունենալու Բուենոս Այրեսում: “Բրիտանական գաղութային կայսրության մնացորդները վերացնելու մասին” հարցը կներկայացվի ՄԱԿ-ում: Խոսքը Ֆոլկլենդյան կղզիների և Ջիբրալթարի մասին է: Սակայն մինչև սեպտեմբեր դեռ ժամանակ կա, իսկ Ջիբրալթարի նեղուցին արդեն մոտեցել են Միացյալ Թագավորության դրոշներով 10 ռազմական նավեր: Լոնդոնում վստահեցնում են, որ զորավարժությունները վաղուց էին ծրագրվում: Սակայն Իսպանիայում մտավախություն ունեն, որ Ֆոլկլենդյան ճգնաժամը կարող է կրկնվել: 1982 թվականին այն ավարտվեց պատերազմով: Հետաքրքիրն այն է, որ այս երկու երկրներն էլ հանդիսանում են ՆԱՏՕ-ի և Եվրամիության անդամներ:
Բրիտանացի վարչապետ Դևիդ Քեմերոնն իր հերթին հնարավորություն է փնտրում Իսպանիայի դեմ հայց ներկայացնելու համար: Մադրիդի կողմից Ջիբրալթարի և Իսպանիայի անցակետի վերահսկողության ուժեղացումը չեղյալ հայտարարելուց հրաժարվելը Լոնդոնում անվանել են “քաղաքականապես մոտիվացված”: Մեծ Բրիտանիայում կարծում են, որ այս իրավիճակը պայմաններ է ստեղծում “աննախադեպ պոտենցիալ իրավական գործողությունների” համար:
Աղբյուրը՝ “Արմեդիա” ՏՎԳ